ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատուհանը փակեք, սըր

Պատուհանը փակեք, սըր
02.05.2017 | 11:55

Ձեզ թվում է՝ ամենահին պառլամենտը անգլիակա՞նն է: Ոչ: 13-րդ դարում Հովհաննես Անհող արքան հարկադրված էր ստորագրել «Ազատությունների մեծ խարտիան», որի համաձայն արքան իրավունք չուներ նոր հարկեր սահմանել՝ առանց արքայական խորհրդի համաձայնության: Դա առաջին պառլամենտն էր:

Պատմականորեն պառլամենտը կատարում էր իշխանության և հասարակության շփման հարթակի դերը՝ ներկայացնելով հասարակությանը իշխանության մեջ: Աստիճանաբար՝ իշխանության և ժողովրդի կոնֆլիկտը հարթողի դերակատարից պառլամենտը վերածվեց պետական կառավարման կառույցի: Աշխարհի ամենահին պառլամենտները եղել են Մեն կղզիներում (Տինվալդ) և Իսլանդիայում (Ալտինգ): 979-ից Տինվալդը գործում է մինչև այսօր, 930-ից գոյություն ունեցող Ալտինգը պաշտոնապես չի գործել միայն 1801-1845-ին, թեպետ ոչպաշտոնական նիստեր եղել են: Այս ամբողջ պատմությունից մնաց խորհրդարանի՝ ժողովրդի ու իշխանության հաշտարարի դերը, որ կատարում է հազար տարի ու ավելի: Իսկ կատարո՞ւմ է: Հիմա: Հայաստանում:
Մայիսի 18-ից կսկսի աշխատանքները Հայաստանի Հանրապետության յոթերորդ խորհրդարանը՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր խորհրդարանին: Խորհրդարանները Հայաստանում եղե՞լ են ներկայացուցչական, արտահայտե՞լ են ժողովրդի կամքը իշխանության առաջ:


Նոր խորհրդարանում կլինի մեկ կոալիցիա՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ՝ նախարարական պորտֆելները դեռ չեն բաժանել, ընդհանուր հայտարարի են եկել ծրագրերում: Կանոնակարգի համաձայն՝ իրենց ընդդիմություն կհայտարարեն «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը: Ընդդիմություն կլինի «Ելքը»: Գագիկ Ծառուկյանը, առնվազն մեկ տարի, չի լինի ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, նա հիմա չի ուզում իշխանության մաս դառնալ, համարում է, որ ամենահարմար ժամանակը 2018-ի ապրիլն է: Իսկ այդ ժամանակ պատասխան պիտի ստանա իշխանության գլխավոր հարցը՝ ո՞վ է լինելու վարչապետ՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Եթե Հանրապետության հրապարակ վերադառնա Սերժ Սարգսյանը, կձևավորվի արդեն միֆական դարձող ազգային համաձայնության կառավարությունը, որի մաս կկազմի ԲՀԿ-ն:


Մանդատ ստացողներից հայտնի են միայն «Ելքի» պատգամավորները, մյուս երեք կուսակցություններում շարունակվում է տուրևառը: Ստվերում գործում են թե Ռոբերտ Քոչարյանը, որ փորձում է ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում յուրայիններ հավաքագրել, թե Կարեն Կարապետյանը, ում խորհրդարանում հենարան է պետք՝ պաշտոնավարումը շարունակելու համար, ստվերում են ներկուսակցական մանդատաբաշխման գործընթացները: Նոր խորհրդարանը աշխատանքները պիտի սկսեր ապրիլի 27-ին, ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումը Սահմանադրական դատարանին լրացուցիչ ժամանակ տվեց ներկուսակցական որոշումների համար: Փաստացի՝ ՀԱԿ-ը ևս մեկ անգամ խաղաց իշխանության դաշտում: ՈՒ ի՞նչ: Ոչինչ: ՍԴ-ում դաշինքը ներկայացնող Լևոն Զուրաբյանն ինքը գործընթացն անվանեց ֆարս, որը, սակայն, չի բացատրում, թե ինչներին էր ֆարսը պետք: ՍԴ դիմումը ներկայացվեց ապրիլի 14-ին, քննարկումը սկսվեց 25-ին, 28-ին մերժվեց դիմումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց. «ՀՀ Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների դաշինքի անդամ ՀԱԿ-ի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»:
Վճռի հրապարակման պահին դիմումատուները դահլիճում չէին:

Նրանք վճիռը գիտեին դիմումը ներկայացնելուց առաջ: «Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի, բայց մի օր դա ազգովի անելու ենք: Ես այս ֆարսին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»՝ ասել էր Լևոն Զուրաբյանը: Փաստացի՝ նա հայտարարում է, որ ֆարսը ուրիշի ցանկությա՞մբ էր: Եվ՝ ո՞ւմ: Ի վերջո՝ ՀԱԿ-ի համար ի՞նչ տարբերություն՝ ապրիլի 27-ին, թե մայիսի 18-ին են Բաղրամյան 19 մտնում ընտրություններում հաղթածները: Իհարկե, Լևոն Զուրաբյանը վստահ էր, որ ևս հինգ տարի խորհրդարանը «ցնցելու» է, ինչպես հինգ տարի առաջ էր հայտարարում: Բայց նա այնքան հայտարարություններ է արել, ինչպես ՀԱԿ-ը ընդհանրապես, որ առանձին հայտարարությունները հիշելն անիմաստ է: Նոր Ընտրական օրենսգիրքը ՀԱԿ-ը համարում էր իր հաղթանակը, վստահ էր, որ իշխանափոխության հնարավորություն է տալիս: Գովաբանում էր ինքն իրեն, որ էլեկտրոնային տեխնոլոգիաներ ներդրվեցին ընտրական գործընթացում, տեղադրվեցին տեսանկարահանող սարքեր, քվեարկությունից հետո հրապարակվելու են ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները: ՈՒ ի՞նչ: 4+4+4 «պատմական ձևաչափով» համաձայնությունները չտվեցին ԱԺ-ի դռան բանալին: Հաջողությունը եկավ, բայց ոչ ՀԱԿ-ի հասցեով: Եվ ոչ միայն ՀԱԿ-ի: Թեկուզ խորհրդարանը Հայաստանում ալտինգների ու տինվալդների համեմատությամբ մանուկ է, բայց մեր պատմությունն էլ ունի ավանդույթներ ու արժանի է պատմագրվելու: Ընդունեք, որ 2017-ի Ազգային ժողովում կատարվեց աննախադեպ բյուրեղացում: Փաստ է, որ խորհրդարանական ընդդիմադիր դաշտը մաքրվեց: Դա իսկապես պատմական իրողություն է: Հայաստանում խնդրահարույց է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Ավելին՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց նույնիսկ ընդդիմություն չէին անվանում, այլ՝ ոչիշխանություն, որ քաղաքագիտական նոնսենս է: Ակնհայտ էր, որ այդ վիճակը չի կարող երկար շարունակվել՝ ջրերը պիտի զուլալվեն: Ջուր պղտորելու նրանց ժամանակը սպառված է: Իշխանություն-ընդդիմություն զուգահեռը հստակ պիտի լինի ու հստակ պիտի գործի՝ չմտնելով կուլիսային գործարքների դաշտ: Փաստը, որ այլևս խորհրդարանում չեն ոչ ՀԱԿ-ը, ոչ ՕԵԿ-ը, ոչ «Ժառանգությունը», հիանալի հնարավորություն է ազատվելու նավթալինահոտ պոպուլիզմից ու դեմագոգիայից, որից արդյունք ակնկալելն անհեթեթ էր: Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում ձախողվեցին ոչ պատահաբար, ոչ միայն սխալ մարտավարության պատճառով, սխալ էր ռազմավարությունը՝ բաժանիր, որ տիրես: Ինչ-որ պահից երկու նախագահներն ունեին նույն շահերն ու նույն նպատակները և միայն անձնական ամբիցիաները նրանց միավորվելու հնարավորություն չտվեցին: Երկուսն էլ հերթով կորցրին Գագիկ Ծառուկյանին իր ԲՀԿ-ով, ու դա նույնպես ընդհանուր ռազմավարական սխալ էր նրանց ակտիվում: Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի պարտությունն ապացուցեց, որ նույնիսկ ՕԵԿ-ի ռեբրենդինգը չի օգնում, երբ քաղաքական պահանջարկ չկա: Իսկ պահանջարկը մարեց այն պահից, երբ նրանց չարտոնվեց ընտրակաշառք բաժանել: ՈՒ դա դատավճիռ էր: Իրենց համար: Մաքուր օդ խորհրդարանի համար:


Իրապես մաքուր օդի համար փոփոխություններ պետք է լինեն խորհրդարանական մեծամասնության մեջ, դա այս գումարման խորհրդարանին չի սպառնում: Դեռ հայտնի չէ, թե ովքեր են մանդատներ ստանալու ՀՀԿ-ում, բայց խնդիրը ոչ այնքան նրանք են, որքան բուն ՀՀԿ-ի քաղաքական դերն ու գործունեությունը: Փաստացի մենք անցումային շրջանում ենք՝ ոչ միայն հին Սահմանադրությունից նորին, այլև կառավարման հին բուրգից նորին, և այս պահին երեք խնդիր կա քաղաքական դաշտում՝ տեսանելի ու անտեսանելի.
1. Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում: ՀՀԿ-ն մնո՞ւմ է մեկ մարդու կուսակցություն, թե՞ կատարվում են ոչ տեսանելի բաժանումներ ՀՀԿ նախագահի ու առաջին փոխնախագահի համակիրների: Այս հարցը տեսանելի պատասխան կստանա միայն 2018-ի ապրիլին: Ընթացիկ տասնյակ պատասխաններ կշրջանառվեն, բոլորն էլ հավաստի կթվան, բայց չեն լինի, քանի դեռ որոշում չեն դարձել: Պատասխանից կախված են կուսակցության դերն ու նշանակությունը քաղաքական կյանքում և Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի կարիերաները: Բացառվում է, որ նրանք մնան երկուսով՝ իշխանությունը երկու գլուխ չի ունենում, նույնիսկ Հայաստանի պես երկրում, որ քաղաքագիտությունից շեղումները օրինաչափություն է դարձրել: Մնալու է մեկնումեկը: Շատ մեծ հարց է՝ իսկ Սերժ Սարգսյանը իսկապես ուզո՞ւմ է մնալ մի իրավիճակում, որից օր առաջ անվնաս ձերբազատվելը մեծ հաջողություն կհամարեր ցանկացած ողջամիտ մարդ:


2. Ի՞նչ է կատարվելու արտախորհրդարանական քաղաքական դաշտում: Զրկվելով ֆինանսական աղբյուրներից՝ որոշ կուսակցություններ կարող են դանդաղ անէանալ, բայց նրանց անէանալուց խնդիրները չեն անէանում: ԱԺ-ից դուրս մնացածները դեռ միավորվելու միտումներ չեն դրսևորել: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ քաղաքական նզովքներից հետո գերադասեց լռել ու սպասել իրադարձությունների ընթացքին: ՀԱԿ-ը հայտարարեց, որ ՄԻԵԴ է դիմելու ընտրությունները անվավեր ճանաչելու հայցով: Արթուր Բաղդասարյանից ու ՀՎԿ-ից ընդհանրապես ձայն չկա, ասես չեն էլ եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է, «Ժառանգությունը» նորից սպասում է նրան, ինչպես իր ամբողջ պատմության ընթացքում: ՕՐՕ-ից ընտրություններից հետո անցած մեկ ամսում հոդաբաշխ մեկնաբանություններ չեն եղել իրենց անելիքների մասին՝ նրանք գերադասում են խոսել ուրիշների մասին, և դա ջուր պղտորելու նույն հին հիվանդությունն է: Տրամաբանական կլիներ նրանց միավորումը և որոշ ժամանակից նաև հայտարարությունը, որ մնում են ժողովրդի հետ ու առաջնորդելու են փողոցային ընդվզումները: Դա, իհարկե, սիմվոլիկ հայտարարություն կլինի, եթե նրանք չգեներացնեն բողոքները: Նույնիսկ այդ դեպքում մեծ հարց է, թե ինչո՞ւ պիտի մարդիկ նրանց հետևից գնան ստանալու իրենց խնդիրների լուծումը: Մնում է հին տարբերակը՝ սպասել, թե ինչ հրահանգներ կստանան նրանցից, ում շահերը սպասարկել են ու պատրաստ են սպասարկել՝ նոր իրավիճակում:


3. Խորհրդարանում միակ ընդդիմություն դարձած «Ելքին» անցած մեկ ամսում վարկաբեկելու փորձերը խորհրդարանում չհայտնվածների դաշտից էին: Հեշտ է տուրք տալ մտայնությանը, որ առանց Բաղրամյան 26-ի համաձայնության ոչ ոք չի կարող պատգամավոր դառնալ, ուրեմն եղել է գործարք: Իսկ եթե չի՞ եղել: Եթե լիներ գործարք, նրանք ԱԺ կմտնեին ոչ թե ինը հոգով, այլ նվազագույնը կրկնակի, որ կարողանային իշխանությանը անհրաժեշտ խնդիրները լուծել, բայց նրանք ստացան այնքան մանդատ, որքան Հայաստանում ձայն չվաճառած քաղաքացի գտնվեց: Հինգ տարում իր գործունեությամբ դաշինքը պիտի իր ընտրողների ձայնը լսելի դարձնի օրենսդիր մարմնում՝ հնարավորինս ազդելով որոշումների ընդունման ու քաղաքական մթնոլորտի փոփոխության վրա: Քաղաքական մթնոլորտի փոփոխությունը ամենակարևոր խնդիրն է, որի լուծումը հաջորդ խորհրդարանական ընտրություններում ուժերի հավասարակշռության պատկերն է պարզելու: Արդեն այսօրվանից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. 7-րդ գումարման խորհրդարանը բոլոր հնարավորություններն ունի նոր որակ ու նոր մակարդակ բերելու՝ պահանջարկը կա, առաջարկը պիտի ապահովի «Ելքը», որ այլ ելք չունի՝ հայտնվելով իշխանության ու ժողովրդի միջև: «Ելքը» պարտավոր է լինել նոր բովանդակության, նոր մտածողության և նոր արժեքների ընդդիմություն, այլապես կրկնելու է նախորդների պատմությունը: Իսահակ Նյուտոնին հիշո՞ւմ եք: Բացի խնձորների պատմությունից: Նա Լորդերի պալատի պատգամավոր էր և պատմության մեջ մտավ միակ ելույթով՝ «Փակեք պատուհանը, սըր, փչում է»:
Ո՞վ կփակի այս խորհրդարանում պատուհանը:

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ